Վուդու մոգություն և մարդակերության վնաս. ԱՄՆ-ում շնորհվել է Շնոբելյան մրցանակը

13:28 • 14.09.18

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում 28-րդ անգամ շնորհվել են գլխավոր «հակագիտական»՝ Շնոբելյան մրցանակները: Այս մրցանակները շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք «սկզբում ստիպում են ծիծաղել, այնուհետև՝ մտածել»: Մրցանակը հիմնվել է 1991 թվականին:

Բացի մրցանակաբաշխության արձանիկից ու դիպլոմից՝ յուրաքանչյուր մրցանակակիր 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար կստանա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տարի 10 մրցանակակիրների շարքում առանձնացվել են ղեկավարների դեմ ուղղված վուդու մոգության արդյունավետության, մարդակերության վնասի և ատրակցիոնների միջոցով միզաքարային հիվանդություններ բուժելու մասին աշխատանքները:

Այսպես, բժշկության ոլորտում մրցանակը շնորհվել է Միչիգանի համալսարանից Դևիդ Ուորթինգերին ու Մարկ Միտչելին, որոնք առաջարկել են ազատվել երիկամների քարերից «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնի միջոցով: Գիտնականները 174 քարով մի քանի երիկամ են վերցրել ու մի քանի օր զվարճացել այս ատրակցիոնում, ինչի արդյունքում էլ եկել են համապատասխան եզրակացության:

Առողջ սննդի ոլորտում Շնոբելյան մրցանակը շնորհվել է Ջեյմս Քոուլին Մեծ Բրիտանիայի Բրայթոնի համալսարանից, որն ապացուցել է, որ մարդակերությունը բացասաբար է անդրադառնում մարդու ֆիզիկական վիճակի վրա:

Կանադայի Ուիլֆրիդ Լորիեի համալսարանի աշխատակիցները նույնպես արժանացել են մրցանակի՝ էկոնոմիկայի ոլորտում: Նրանք խնդրել են 352 ուսանողի, որոնք ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ, մոմերի վրա վառել նրանց խաղալիք կրկնօրինակները և ծակել դրանք ասեղներով: Սակայն սա արվել է ոչ թե իրականում, այլ համակարգչային ծրագրով: Հետազոտողների խոսքով՝ այս խորհրդանշական գործողությունը թեթևություն է բերում ստորադասներին ու բարելավում մթնոլորտն աշխատանքային կոլեկտիվում:

 

Վուդու մոգություն և մարդակերության վնաս. ԱՄՆ-ում շնորհվել է Շնոբելյան մրցանակը