Նոր iPhone-ները չափազանց մեծ են կանանց համար. ֆեմինիստները դժգոհ են Apple-ի սմարթֆոններից
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը քննադատվել է կանանց ձեռքերի համար մեծ ու ոչ հարմարավետ iPhone սմարթֆոններ ստեղծելու համար, գրում է Daily Mail-ը:
Ֆեմինիստական շարժման աջակիցները նշել են, որ նոր սմարթֆոնները նախագծելիս Apple-ի մասնագետները հաշվի չեն նստում իգական սեռի սպառողների պահանջների հետ: Նրանց դուր չի գալիս, որ «խնձորային բրենդը» կանանց համար ավելի փոքր հեռախոսներ չի արտադրում:
«Իրականում ես ձեռքի հետ կապված խնդիր եմ ունեցել iPhone 6-ն օգտագործելու պատճառով: Սակայն այն վերացավ ավելի փոքր՝ iPhone SE մոդելին անցում կատարելուց հետո: Այնպես որ մեծ հեռախոսներն իրականում ազդում են կանանց ձեռքի առողջության վրա: Եվ քանի որ կանայք ավելի շատ են iPhone գնում, քան տղամարդիկ, զարմանում եմ՝ ինչո՞ւ Apple-ը մեզ հարմար հեռախոս չի ներկայացնում: Կանայք չպետք է անտարբեր մնան այս հարցի նկատմամբ, քանի որ մենք նույնչափ գումար ենք վճարում հեռախոսների համար, սակայն դրանք մեզ այդքան լավ չեն ծառայում, որքան տղամարդկանց դեպքում»,-ասել է ֆեմինիստ Կարոլին Կրիադո Պերեսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրել էր iPhone-ի 3 նոր մոդել՝ iPhone XS, XS Max ու Xr՝ 5.8-6.4 դյույմ անկյունագծով էկրաններով:










