SpaceX-ը հայտնել է Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքի համար ընտրված ուղևորի անունը
Ամերիկյան SpaceX ընկերության Big Falcon (BFR) տիեզերանավի առաջին ուղևորը, որը կմասնակցի զբոսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրին, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի կոլեկցիոներ Յուսակու Մաեձավան: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:
Ավելի վաղ SpaceX ընկերությունը հայտարարել էր, որ ընտրել է ուղևոր՝ Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքի համար, սակայն չէր նշել հաջողակի անունը՝ խոստանալով ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել սեպտեմբերի 17-ին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ընկերության հիմնադրի խոսքով՝ առաջին զբոսաշրջային թռիչքը կտևի 4-5 օր: Մասկը չի նշել, թե երբ է նախատեսվում այն իրականացնել, սակայն Մաեձավայի խոսքով՝ թռիչքը տեղի կունենա 2023 թվականին:
«2023 թվականին (թռիչքի) տիրոջ կարգավիճակով ես հրավիրում եմ արվեստի 6-8 ներկայացուցչի՝ միանալու ինձ դեպի Լուսին կատարվելի թռիչքի ժամանակ»,- հայտարարել է Մաեձավան՝ հույս հայտնելով, որ ճանապարհորդությունը ոգեշնչման աղբյուր կհանդիսանա իր հյուրերի համար:










