Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ
Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական ընկերությունների նկատմամբ:
«Հանձնաժողովն առավել մանրակրկիտ հետաքննություն կիրականացնի՝ պարզելու համար, թե պայմանավորվել են արդյոք BMW, Daimler և VW ընկերությունները չմրցակցել իրար հետ բենզինային և դիզելային մեքենաների համար վնասակար արտանետումների նվազեցմանն ուղղված կարևոր տեխնոլոգիաների մշակման և տեղադրման գործում», - Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը:
Վերջինս ընդգծել է, որ եթե կասկածները հաստատվեն, դա կնշանակի, որ ավտոարտադրողներն սպառողներին զրկել են էկոլոգիապես առավել մաքուր մեքենաներ ձեռք բերելու հնարավորությունից:
Եվրահանձնաժողովը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ հետաքննություն էր սկսել դեռևս 2017-ին: Այժմ Բրյուսելը մտադիր է պարզել, թե որքանով են BMW-ը, Daimler-ը, VW-ը և վերջինիս դուստր Audi-ն համաձայնեցրել իրենց գործողությունները վերոնշյալ տեխնոլոգիաների մշակման և կիրառման հարցում:










