ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է TESS տիեզերական աստղադիտակի՝ Երկիր ուղարկված առաջին գիտական լուսանկարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աստղադիտակն ուշագրավ լուսանկարն արել է 4 լայնանկյուն խցիկի միջոցով՝ օգոստոսի 7-ին՝ տիեզերք արձակվելուց 4 ամիս անց:
«Աստղերի ու երկնային մարմինների այս ծովում TESS-ը կթափառի՝ փորձելով գտնել ուսումնասիրման համար հետաքրքիր մոլորակներ: TESS-ի առաջին լուսանկարը բացահայտում է դրա ֆոտոխցիկների հնարավորությունները»,-նշել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Փոլ Հերցը:
Հավելենք, որ TESS-ի նպատակը կյանքի համար պիտանի մոլորակների որոնումն է: TESS-ն իր երկամյա առաքելության ընթացքում կկենտրոնանա այն աստղերի վրա, որոնք գտնվում են Երկրից մինչև 300 լուսային տարի հեռավորության վրա: Ենթադրվում Է, որ աստղադիտակը կուսումնասիրի ավելի քան 200 հազար աստղեր՝ դրանց պայծառ ֆոնի վրա մանրիկ բծեր բացահայտելու նպատակով, որոնք կարող են մոլորակներ լինել:Գիտնականները մտադիր են հայտնաբերել մի քանի հազար արտամոլորակներ:











