Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:44 • 25.09.18

Instagram սոցցանցի գլխավոր տնօրեն Քևին Սիսթրոմն ու գլխավոր տեխնիկական տնօրեն Մայք Կրեյգերն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել և մտադիր են մոտ շաբաթների ընթացքում լքել ընկերությունը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ իրենց որոշման մասին Կրեյգերն ու Սիսթրոմն արդեն տեղեկացրել են ինչպես Instagram-ի, այնպես էլ Facebook-ի ղեկավարությանը, որին էլ պատկանում է սոցցանցը: Աղբյուրի հավաստմամբ՝ Instagram-ի համահիմնադիրները չեն նշել նման որոշման պատճառը, սակայն հայտարարել են, որ պաշտոնը լքելուց հետո մտադիր են որոշ ժամանակով հանգստի գնալ:

Ենթադրվում է, որ Սիսթրոմի ու Կրայգերի պաշտոնը լքելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենախոշոր ճգնաժամով, որին այժմ բախվել է Facebook ընկերությունը:

Հիշեցնենք, որ Instagram-ը ստեղծվել է 2010թ.՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Քևին Սիսթրոմի ու Մայք Կրեյգերի կողմից: 2012թ. Facebook ընկերությունն Instagram-ը գնել է 1 մլրդ դոլարով: Այժմ սոցկայքն ունի 800 մլն ակտիվ օգտատեր: