Ճապոնական ռոբոտները 280 մլն կմ հեռավորությունից Երկիր են ուղարկել Ռյուգու երկնաքարի վրա արված առաջին տեսանյութը
Ռյուգու շարժվող երկնաքարի վրա վայրէջք կատարած երկու ճապոնական ռոբոտները Երկիր են ուղարկել երկնային մարմնի մակերևույթին արված առաջին տեսանյութը, որը հրապարակվել է Ճապոնիայի տիեզերքի հետազոտման գործակալության կողմից:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկնաքարը գտնվում է Երկրից 280 մլն կմ հեռավորության վրա:
Երկիր ուղարկված տեսանյութում երևում է Ռյուգուի քարքարոտ մակերևույթը:
Բացի այդ, գործակալությունը հրապարակել է նույն վայրում արված բարձրորակ լուսանկարներ, որոնք արվել են Hayabusa2 տիեզերանավի տեսախցիկով:
Պարբերականը մանրամասնում է, որ սա երկնաքարի մակերևույթի հետազոտման առաջին առաքելությունն է աշխարհում, որի նպատակն է ուսումնասիրել 950 մ լայնությամբ Ռյուգուի տարբեր հատվածները՝ ստացած տվյալներն ուղարկելով Երկիր:
Հայտնի է, որ 1.1 կգ քաշով, 18 սմ լայնությամբ, սկավառակաձև MINERVA-II1A և MINERVA-II1B հետազոտական ռոբետներն ի տարբերություն մյուս նմանատիպ սարքերի տեղաշարժվում են ոչ թե անիվների, այլ ցատկերի միջոցով:
Ռյուգուի վրա ձգողականության ուժը շատ թույլ է, և անիվներով համալրված սարքը շարժվելուց հետո կհայտնվեր օդում, ուստի՝ տվյալ զոնդերի տեղաշարժման համար ընտրվել է ցատկի մեխանիզմը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










