Հայտնի են դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին կից Բժշկության նոբելյան հանձնաժողովը:
Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»:
Հոկտեմբերի 2-ին հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտում հաղթողը, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի, իսկ հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:
Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:
2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար: Հաղթողը կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:










