50 միլիոն օգտատերերի հաշիվները կոտրած հաքերները չեն ստացել այլ ռեսուրսներին հասանելիություն. Facebook
Facebook-ի ապրանքների կառավարման հարցերով փոխնախագահ Գայ Ռոզենը հայտարարել է, որ 50 միլիոն օգտատերերի հաշիվները կոտրած հաքերները չեն ստացել այլ ռեսուրսներին հասանելիություն, որտեղ օգտագործվել են նույն «լոգին» տվյալները: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական հայտարարությունում:
Ռոզենի խոսքով՝ Facebook-ում ուսումնասիրել են կիբեռհարձակման ժամանակ իրականացված մուտքի բոլոր դեպքերը:
«Հետաքննությունն այս պահին չի հայտնաբերել ապացույցներ, որ հանցագործները Facebook-ի «լոգինն» օգտագործող ինչ-որ հավելվածների հասանելիություն են ստացել»,- ընդգծել են հայտարարությունում:
Ռոզենը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում գործիք ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա ապագայում կանխել նման իրավիճակները:
Ավելի վաղ Facebook ընկերությունը տեղեկացրել է, որ հաքերներն օգտվել են սոցիալական ցանցի խոցելիությունից և հասանելիություն են ստացել շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին:










