Իսպանիայում ցուցադրվել է աշխարհում առաջին Hyperloop ուղևորատար կապսուլը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Hyperloop Transportation Technologies ընկերությունը, որը զբաղվում է Hyperloop գերարագընթաց գնացքների ստեղծման նախագծով, ներկայացրել է աշխարհում առաջին իրական չափերի ուղևորատար կապսուլը՝ գաղտնազերծելով տրանսպորտի ապագայի իր տեսլականը:
Ինչպես նշում է Bloomberg-ը, 32 մ երկարությամբ և 5 տոննա քաշով կապսուլը ներկայացվել է Իսպանիայում: Սակայն նախքան իր առաջին ուղևորությունը, գնացքը կուղարկվի ֆրանսիական Թուլուզ՝ տեխնիկական վերջին շտկումներն անելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրեթե ամբողջությամբ կոմպոզիտ նյութից ստեղծված կապսուլը ստացել է Quintero One անվանումը: Նշվում է, որ գնացքը կկարողանա մեկ օրում ավելի քան 160.000 ուղևոր տեղափոխել:
Hyperloop տեխնոլոգիան ճանաչում է ստացել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի շնորհիվ, որն առաջարկել է հետաքրքրված ընկերություններին զբաղվել գերարագընթաց տրանսպորտային համակարգի ստեղծմամբ: Ծրագիրը ենթադրում է ավելի քան 1.200 կմ/ժ արագությամբ գնացքների ստեղծում: Դրանք շարժվելու են փակ խողովակով ու կարողանալու են նման արագություն զարգացնել ռելսերի շփման ու օդի դիմադրողականության բացակայության շնորհիվ:












