Պատմական Արճեշում թուրք հնագետները պալեոլիթյան շրջանի կարևոր գտածոներ են հայտնաբերել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Արճեշ (ժամանակակից թուրքական անունը Էրճիշ – tert.am) շրջանում թուրք հնագետները պալեոլիթյան շրջանին պատկանող հազվագյուտ գտածոներ են հայտնաբերել, այս մասին հայտնում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Պեղումները ղեկավարած թուրք պրոֆեսոր Իսմայիլ Բայքարան նշել է, որ 15 հոգանոց խումբը հայտնաբերել է վրանի տեսք ունեցող հնագույն քարե թաքստոցներ, կացիններ ու կտրող-ծակող այլ գործիքներ:
Ըստ Բայքարայի՝ կարևոր են հատկապես գտնված քարե վրանատիպ թաքստոցները, քանի որ դրանցից աշխարհում մինչ օրս հայտնաբերվել է միայն 3 օրինակ՝ երկուսն Աֆրիկայում և մեկը Ֆրանսիայում: Ենթադրվում է, որ այս կառույցներն ունեն 350.000-400.000 տարվա պատմություն:
Թուրք պրոֆեսորը նշել է, որ ժամանակակից Թուրքիայի արևելքում (պատմական Արևմտյան Հայաստան- tert.am) հնագիտական պեղումների առումով մինչ օրս բավականին քիչ աշխատանք է տարվել, և այս տարածքներն անուշադրության են մատնվել: Նրա խոսքով՝ այս հատվածում կարող են լինել կարևորագույն պատմական նմուշներ, որոնք գտնելու համար պետք է է՛լ ավելի ակտիվ աշխատել: Բայքարան նշել է նաև, որ իրենց հետ աշխատելու մեծ ցանկություն ունեն տարբեր ամերիկյան խմբեր:
Ավելի վաղ Վան նահանգում թուրք հնագետները հերթական պեղումների ժամանակ հայտնաբերել էին ուրարտական շրջանի հետաքրքիր սրբավայր, որը գտնվում է Վանի բերդից ոչ հեռու:










