Հայտնաբերվել է Արեգակնային համակարգի սահմաններից դուրս առաջին արտալուսինը. The Guardian

15:54 • 04.10.18

Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս գտնվող առաջին լուսինը՝ արտալուսինը, որը Երկրից 8.000 լուսային տարի հեռավորության վրա պտտվում է ահռելի արտամոլորակի՝ Kepler 1625b-ի շուրջ:

Կոլումբիայի համալսարանի՝ հայտնագործության հետևում կանգնած գիտական թիմը տեղեկացրել է, որ հայտնագործությունը շատ լուրջ է, ու դրա հաստատման համար անհրաժեշտ են հավելյալ ապացույցներ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկնային մարմինը մոտավորապես Նեպտուն մոլորակի չափ է: Գիտնականները պատմել են, որ արտալուսինն ուսումնասիրել են երկու հզոր աստղադիտակների՝ Kepler-ի ու Hubble-ի միջոցով:

Հայտնի է, որ արտալուսինն իր մոլորակի ընդհանուր զանգվածի 1.5%-ն ունի: Ի տարբերություն Լուսնի՝ Kepler 1625b-ն ու իր բնական արբանյակը գազային են:

Գիտնականները, հաշվարկելով արտալուսնի ու արտամոլորակի միջև հեռավորությունը, ենթադրել են, որ նորահայտ օբյեկտի մակերևույթի ջերմությունը 80 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Հայտնաբերվել է Արեգակնային համակարգի սահմաններից դուրս առաջին արտալուսինը. The Guardian