Շվեդիայում 8-ամյա աղջիկը հնագույն թուր է հայտնաբերել լճում
Շվեդիայի հարավային շրջաններից մեկի 8-ամյա բնակչուհի Սագա Վանեչեկը պատահաբար հնագույն թուր է հայտնաբերել լճում, որը, մասնագետների գնահատմամբ, պատկանում է V-VI դարերին:
Ինչպես հայտնում է The Local-ը, արտասովոր առարկան աղջիկը հայտնաբերել էր դեռևս ամռանը, երբ խաղալիս է եղել լճի մոտակայքում, որտեղ գտնվում է իրենց ամառային տունը:
Աղջկա հոր խոսքով՝ ինքը սկզբում կարծել է, որ դուստրը ժամանակակից խաղալիք է գտել, սակայն ավելի ուշ հարևանների և հնագիտությամբ հետաքրքրվող գործընկերոջ հետ խորհրդակցելուց հետո որոշել է գտածոյի մասին հայտնել իշխանություններին: Ուսումնասիրելով թուրը՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ այն, ամենայն հավանականությամբ պատկանել է V-VI դարերին, երբ Սկանդինավիայում դեռ չէր սկսվել վիկինգների դարաշրջանը:
Թրի երկարությունը կազմում է 85 սմ, պահպանվել են թրի փայտե և մետաղյա մասերը:










