Հայտնի են դարձել էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
2018 թվականին էկոնոմիկայի ոլորտում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը տրվել է Ուիլյամ Նորդհաուսին ու Փոլ Ռոմերին՝ տնտեսական աճին նորարարությունների ու կլիմայի ինտեգրման համար: Այդ մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:
Անցած շաբաթվա վերջին Ստոկհոլմում հայտարարվել էին 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք են Կոնգոյից վիրաբույժ Դենիս Մուկվեգեն ու Իրաքի եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար:
Հայտնի է, որ Մուկվեգեն կյանքը նվիրել է պատերազմական գոտիներում սեռական բռնության զոհ դարձածների փրկությանն ու պաշտպանությանը: Մինչդեռ Մուրադն ինքն է դարձել նման բռնության զոհ: Նա իր մեջ քաջություն է գտել պատմել իր և մյուսների կրած տառապանքների մասին:
Հոկտեմբերի 3-ին Քիմիայի նոբելյան հանձնաժողովը մրցանակի է արժանացրել գիտնականներ Ֆրենսիս Առնոլդին, Ջորջ Սմիթին ու Գրեգորի Վինթերին: Նրանք զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:
Հոկտեմբերի 2-ին հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:
Հոկտեմբերի 1-ին էլ 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:
Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:
Հավելենք, որ 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում էր հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:
BREAKING NEWS: ⁰The Royal Swedish Academy of Sciences has decided to award the Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2018 to William D. Nordhaus and Paul M. Romer. #NobelPrize pic.twitter.com/xUs6iSyI7h
— The Nobel Prize (@NobelPrize) October 8, 2018










