Airbus-ի գլխավոր տնօրենի պաշտոնում կառաջադրվի Գիյոմ Ֆորիի թեկնածությունը
Եվրոպական Airbus ավիաշինարարական ընկերության ղեկավարների խորհուրդը հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Գիյոմ Ֆորիի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, փոխանցում է ТАСС-ը՝ ընկերության պաշտոնական հայտարարությանը հղումով:
50-ամյա Գիյոմ Ֆորին ավելի վաղ ղեկավարել է ընկերության՝ առևտրային ավիացիայի համար ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող մասնաճյուղը: Նա ունի աշխատանքային փորձ ոչ միայն ավիացիոն, այլև ավտոմոբիլային արտադրության ոլորտում: Իր ներկայիս պաշտոնը Ֆորին զբաղեցնում է ընթացիկ տարվա փետրվարից, իսկ մինչ այդ նա ղեկավարել է Airbus-ի ուղղաթիռաշինության բաժինը:
Ընկերության ղեկավարի պաշտոնում ֆրանսիացի Գիյոմ Ֆորին կփոխարինի Գերմանիայի ներկայացուցիչ Թոմաս Էնդերսին: 2017 թվականի դեկտեմբերին Airbus-ը հայտարարել է, որ 2019 թվականին Էնդերսը չի առաջադրի իր թեկնածությունը ընկերության ղեկավարի պաշտոնում: Նա կլքի իր պաշտոնը 2019 թվականի գարնանը, իսկ ապրիլի 10-ին կկայանա Airbus-ի բաժնետերերի գլխավոր վեհաժողովի նիստը, որի ժամանակ պաշտոնապես կնշանակվի նոր գլխավոր տնօրեն:










