Amazon-ը ձայնի միջոցով հիվանդությունն ախտորոշելու տեխնոլոգիա է արտոնագրել

23:51 • 12.10.18

Ամերիկյան Amazon ընկերությունն արտոնագրել է տեխնոլոգիան, որի շնորհիվ համակարգը ձայնի վերլուծություն է իրականացնում, ինչի արդյունքում կարող է առանձնացնել հիվանդ մարդուն: Մրսածությունից բացի, որը հնարավոր կլինի հայտնաբերել հազից կամ ձայնի խռպոտությունից, համակարգը կարող է պարզել օգտատիրոջ տրամադրությունը:

Ինչպես գրում է Ars Technica-ն, նախատեսվում է, որ այս տեխնոլոգիան կկիրառվի ընկերության Alexa ձայնային օգնականի միջոցով: Ձայնային օգնականն Amazon-ը ներկայացրել է 2014 թվականին: Այն նախատեսվում է օգտագործել տարբեր սարքավորումներում՝ միկրոալիքային վառարաններից մինչև ավտոմեքենաներ:

Խոսքի վերլուծության տեխնոլոգիան մշտապես կատարելագործվում է. օրինակ՝ մեկ տարի առաջ ձայնային օգնականը սովորել է անհատական պատասխաներ տալ տարբեր օգտատերերի, իսկ վերջերս ծրագրավորողները Alexa-ին սովորեցրել են պատասխանել ժեստով հարցումներին:

Այժմ ընկերությունն արտոնագրել է հիվանդությունների ախտորոշումը ձայնի միջոցով: Վերլուծելով ձայնային փոփոխություններն ու հիվանդություն հայտնաբերելով՝ Alexa-ն կարող է ճշտել օգտատիրոջից, թե արդյոք վերջինս հիվանդ, է և դեղամիջոց առաջարկել:

 

Amazon-ը ձայնի միջոցով հիվանդությունն ախտորոշելու տեխնոլոգիա է արտոնագրել