Դադարեցվել է Դուբայում մշակվող 5000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի արտադրությունը
Դուբայում գործող Devel Motors ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է 5000 ձիաուժ հզորություն ունեցող Devel Sixteen հիպերքարի մշակումը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ընկերությունը մի շարք խնդիրների է բախվել, որոնք մեքենայի սերիական արտադրությունն անհնարին են դարձնում: Նախագծից հեռացել է նաև Manufattura Automobili Torino գլխավոր տեխնիկական գործընկերը:
Դրեգ-ռեյսինգի համար նախատեսված 12.3 լիտր ծավալային V16 շարժիչով սուպերքարը, որը 5007 ձիաուժ հզորություն է զարգացնում, չեն կարողացել հարմարեցնել սովորական ճանապարհներին երթևեկելու համար: Շարժիչը հովացման համապատասխան համակարգ դեռևս չունի: Բացի այդ, ընկերությունում դեռ չգիտեն՝ ինչպես մեքենան պահեն ճանապարհի վրա 480 կմ/ժամ արագությամբ ընթանալու պարագայում:
Ենթադրվում էր, որ Devel Sixteen-ը 100 կմ/ժամ արագությունը կկարողանա զարգացնել 1.8 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի 515 կմ/ժամ:










