Պետք է օրենքով արգելել «այլանդակ դրսևորումները». Տ. Ուրիխանյանը՝ իր կողմից շրջանառության մեջ դրված միասեռ ամուսնություններն արգելող նախագծի մասին

16:20 • 18.10.18

Ազգային ժողովում ԱԺ « Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից շրջանառության մեջ է դրվել Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է օրենքով արգելել միասեռ ամուսնությունները։

Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակն է օրենքով արգելել, ինչպես ինքը որակեց, այլանդակ դրսևորումների՝ միասեռ ամուսնությունների հնարավորությունը ՀՀ-ում։

Նա նկատեց, որ վերջին շրջանում տեղեկատվական դաշտում տարափ է առաջացել  միասեռակաների շահերը պաշտպանող կազմակերպությունների կողմից, ավելին՝ ըստ նրա, իրականացվում են ծրագրավորված գործողություններ։

«Գիտենք՝ մի շարք զարգացած համարվող պետություններ կան, որոնք միասեռ ամուսնություններն օրենքով թույլատրում են։ ՀՀ-ում և՛ Սահմանադրությունը, և՛ ԸՕ-ն օրենքով սահմանում են, թե ինչ է նշանակում մեզ համար ամուսնություն, բնականաբար, մարդկային տրամաբանական, կենսաբանական ճիշտ ձևակերպմամբ, բայց չկա արգելք, որն ինտերակտիվ պահանջով կարգելի միասեռական ամուսնություններ կնքումը»,- ասաց նա։

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական բջիջ, ազգի պահպանման և վերարտադրման հիմք, պետք է մշտապես լինի պետության հատուկ պաշտպանության ու հովանավորության ներքո: Ըստ նրա՝ հայկական ավանդական ընտանիքների ձևավորումը հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է օրենքի ուժով արգելել միասեռ ամուսնությունների կնքումը, ճանաչումը, պետական գրանցումը:

«Պետք է օրենքով սահմանափակեն նման այլանդակ դրսևորման հնարավորությունները, որ հարցը հանկարծ քննարկման առարկա չդառնա։ Եկե՛ք ու տեսե՛ք, որ ՀՀ-ում՝ ավանդական ընտանիքի գերակայություն ունեցող երկրում, որտեղ  ընտանիքը սրբություն է համարվում, հանկարծ կարող են միասեռական թեմաներով ֆորումներից խոսել։ Ես ջատագովների շատ ասածներին չեմ անդրադառնում, քանի որ նույնիսկ անհարմար եմ համարում այդ թեմաների մասին խոսելը»,- շեշտեց Տիգրան Որիխանյանը։

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ուրիխանյանը չի հերքում՝ բոլոր մարիկ ունեն իրավունքներ՝ անկախ սեռական ու կրոնական կողմնորոշումից։

«Եթե խնդիրը ներկայացվում է մարդու իրավունքների համատեքստում, ապա պետք է հաշվի առնել, որ բոլոր մարդիկ ունեն իրավունքներ, այդ թվում՝ նորմալ, ճիշտ, տրամաբանական, հոգևորական ու կենսաբանական ճիշտ կողմնորոշում ունեցող մարդիկ։ Ես էլ՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ իրավունքների իրականացման մի դրվագ եմ դիտարկում միասեռ ամուսնությունների կնքման համար արգելք հանդիսացող դրույթները»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը։

Վերջինս ընդգծեց, որ Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված են ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները, որտեղ ամրագրված չէ միասեռ ամուսնությունների արգելքը։

 

ՀեղինակԱնի Օհանյան