Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Թուրքիա մեկնող քաղաքացիներին զգույշ լինել սոցցանցերում հրապարակումներ անելիս կամ հավանելիս
Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին Թուրքիա այցերի ժամանակ զգուշություն դրսևորել համացանցային ակտիվության հետ կապված, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ հատկապես վերջին երկու տարում Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ Թուրքիայում ձերբակալվել են ու խնդիրներ ունեցել օրենքի հետ: Դեպքերի մեծ մասը գրանցվել է տվյալ մարդկանց՝ թուրքական իշխանություններին ուղղված քննադատական դիրքորոշման հետևանքով, որը հիմնականում արտահայտվել է սոցցանցերի միջոցով:
Ընդ որում՝ թուրք իրավապահները կարող են հետապնդման հիմք ընդունել ոչ միայն գրառումները, այլև հավանումները:
Գերմանիայի ԱԳՆ-ից զգուշացրել են, որ մարդկանց հաճախ պատասխանատվության են կանչել այնպիսի արտահայտությունների համար, որոնք Գերմանիայում տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի սահմաններում, մինչդեռ Թուրքիայում դրա համար կարող է քրեական հետապնդում սկսվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում դեռ շարունակում են կալանքի տակ մնալ Գերմանիայի մի քանի քաղաքացիներ:










