Մեծ Բրիտանիայում բժիշկներն առաջին անգամ դեռևս չծնված երեխաների են վիրահատել
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է մայրական արգանդում գտնվող պտուղների վիրահատություն, գրում է Тhe Telegraph-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ աննախադեպ վիրահատություններն իրականացվել են երեխաների լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ առաջ: Վիրահատությունների միջոցով բժիշկները զգուշորեն շտկել են պտուղների ողնուղեղների հետ կապված խնդիրները:
Հայտնի է, որ նրանց մոտ ախտորոշվել էր սպինա բիֆիդա՝ նյարդային համակարգի զարգացման անոմալիա: Սովորաբար նման վիրահատություններն իրականացվում են ծննդաբերությունից հետո, սակայն տվյալ պարագայում բժիշկները որոշել են նախքան ծնվելը վիրահատել:
Վիրահատություններն իրականացվել են դեռևս ամռանը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջին կից հոսպիտալում, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Վիրահատություններն անցկացվել են 30 հոգանոց թիմի կողմից:
Նախկինում նման վիրահատություններն իրականացվում էին միայն Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում և Բելգիայում:
Սպինա բիֆիդան առաջանում է հղիության սկզբնական փուլում: Այն նյարդային խողովակի բնածին արատների շարքից է: Այս հիվանդության դեպքում նյարդային խողովակի մի մասը չի հասցնում զարգանալ կամ ճիշտ կերպ փակվել և առաջացնում է ողնաշարի և դրա ոսկրերի արատներ:










