Գերմանացին գնելուց ժամեր անց ջարդուփշուր է արել McLaren հիպերքարի նորագույն մոդելը
Գերմանական Գրյունվալդ կոմունայի 43-ամյա բնակիչը ջարդուփշուր է արել McLaren Senna մակնիշի մեքենան, որը ժամեր առաջ էր գնել:
Ինչպես գրում է Motor.ru-ն, վթարի հանգամանքները չեն հաղորդվում: Ամենայն հավանականությամբ, վարորդը գերագնահատել է իր հնարավորությունները, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել պատին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Վթարված հիպերքարի լուսանկարը հրապարակել է Instagram-ի օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ դա McLaren Senna մոդելի մասնակցությամբ վթարի առաջին հայտնի դեպքն է: Վթարից րոպեներ անց McLaren-ի վաճառքի կենտրոնից տարել են մեքենան: Վթարի պահին մեքենայի վազքը 100 կմ-ից էլ քիչ է կազմել:
McLaren Senna հիպերքարի դեբյուտը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերին: 100 կմ/ժամ արագությունը մոդելը զարգացնում է 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:
Հիպերքարը թողարկվել է 500 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 750 000 ֆունտ ստերլինգ:










