Կահիրեի մերձակայքում հնագետները հայտնաբերել են Ռամզես Մեծի հանդիսությունների սրահը

03:56 • 26.10.18

Կահիրեի մերձակայքում գտնվող Ալ Մատարիա քաղաքում պեղումնրի ժամանակ հնագետները հայտնաբերել են Հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկի՝ Ռամզես II-ի հանդիսությունների սրահը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հուշարձանների հարցերով նախարարության ֆեյսբուքյան էջին:

Պեղումների ղեկավար Մամդուհ ադ-Դամատիի խոսքով՝ շինությունը շատ լավ է պահպանվել և կարող է համարվել յուրահատուկ ու շատ կարևոր գտածո: Հնագետները ենթադրում են, որ սրահը Ռամզես II-ն ու նրա հետնորդներն օգտագործել են առանձնահատուկ արարողությունների համար: Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև աղյուսե պատ, կավից տարաներ ու հիերոգլիֆներով քարե ցուցատախտակներ:

Արքաների արքա և Հրաշքների փարավոն հռչակված Ռամզես Մեծը հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր ու նշանավոր փարավոնը: Լեգենդների համաձայն նա ապրել է ավելի քան 100 տարի և 67 տարի ղեկավարել է երկիրը: Ռամզես Մեծի կառավարման տարիները եղել են մ.թ.ա. 1279-1213 թթ. ընկած ժամանակահատվածում:

Կահիրեի մերձակայքում հնագետները հայտնաբերել են Ռամզես Մեծի հանդիսությունների սրահը