Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը նվազել է

14:52 • 26.10.18

Ամերիկյան Twitter ընկերության այս տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ Twitter-ը եկամտի ու շահույթի աճ է գրանցել, սակայն նվազել է սոցիալական կայքի ժողովրդականությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ամսական ակտիվ օգտատերների միջին թիվը նվազել է 326 միլիոնի՝ անցած եռամսյակի 335 միլիոնի և անցած տարվա 330 մլն-ի համեմատ: Վերջին 1 տարում ամեն օր օգտվող օգտատերերի թիվն աճել է 9%-ով, ինչը նույպես կանխատեսումներից ցածր է:

Միևնույն ժամանակ, Twitter-ում գրանցվող անձանց ընդհանուր թվաքանակը շարունակում է աճել, սակայն օգտատերերից շատերը հազվադեպ են օգտվում կամ ընդհանրապես չեն օգտվում կայքից, ինչն ընկերության համար ֆինանսական առումով շահութաբեր չէ:


Այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում Twitter-ի ընդհանուր հասույթի աճը կազմել է մոտ 758 մլն դոլար, ինչը 29 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալների համաձայն՝ շահույթը կազմել է 106 մլն դոլար:


Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին անցյալ եռամսյակի արդյունքները դրական է գնահատել՝ չկենտրոնանալով ակտիվ օգտատերերի թվի անկման վրա: Նրա խոսքով՝ ընկերությունը մեծ հաջողություններ է գրանցում կայքն ամենօրյա շփման համար ավելի հարմարավետ և ապահով դարձնելու գործում:

Twitter-ը սոցիալական կայք է, որտեղ օգտատերերը կարող են հրապարակել կարճ հաղորդագրություններ, պատկերներ և տեսանյութեր, կազմակերպել հարցումներ: Առկա տվյալների համաձայն՝ կայքում հրապարակվում է օրական մոտ 500 միլիոն «թվիթ»:

Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը նվազել է