Իտալիան 15 մլն եվրոյով տուգանել է Apple և Samsung ընկերություններին
Իտալիայի հակամենաշնորհային մարմինն Apple և Samsung ընկերություններին տուգանել է ընդհանուր առմամբ 15 մլն եվրոյով իրենց արտադրած սմարթֆոնների աշխատանքի տեմպը կանխամտածված կերպով նվազեցնելու համար:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ հետաքննությունն Իտալիայի իշխանություններն սկսել էին 2018-ի հունվարին: Հակամենաշնորհային մարմնի տվյալներով՝ ընկերությունները «դիտմամբ կոմերցիոն քաղաքականություն են վարել՝ ուղղված որոշ բաղադրամասերի թերությունների օգտագործմանն իրենց տեխնիկայի արտադրողականությունը նվազեցնելու նպատակով, որպեսզի համոզեն գնորդներին նոր մոդելներ ձեռք բերել»:
Բացի այդ, արտադրողներն առաջարկում էին օգտատերերին թարմացնել ծրագրային ապահովումը՝ չզգուշացնելով դրա հետևանքների մասին սարքավորման աշխատանքի համար:
Փաստաթղթի համաձայն՝ Սպառողների իրավունքների օրենսգրքի մի քանի հոդված խախտելու համար հարավկորեական Samsung-ը պարտավորվում է 5 մլն եվրոյի չափով տուգանք վճարել, իսկ ամերիկյան Apple-ը՝ 10 մլն եվրո:










