ՆԱՍԱ-ի կապը Dawn տիեզերակայանի հետ խափանվել է
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, կորցրել է կապը Dawn զոնդի հետ: Այս մասին գործակալությունը հայտարարել է հինգշաբթի ՝ նոյեմբերի 1-ին: Ենթադրվում է, որ կապի խափանման պատճառը սարքի վառելիքի սպառվելն է, գրում է TACC-ը:
Ավիատիեզերական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ տիեզերակայանի հետ չի հաջողվել կապ հաստատել հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին: «Այն բանից հետո, ինչ կառավարման խումբը բացառել է կապի խափանման հնարավոր այլ պատճառները, մասնագետները եկան այն եզրահանգման, որ վերջապես սպառվել է կայանի հիդրազինը՝ այն վառելիքը, որի գործածությունը թույլ էր տալիս կայանին պահպանել թռիչքի ուղղությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Dawn-ն այլևս չի կարող պահպանել անհրաժեշտ դիրքը, որի դեպքում դրա ալեհավաքներն ուղղված կլինեն Երկրի կողմ և հնարավոր կլինի կապ պահպանել թռիչքների կառավարման կենտրոնի հետ: Բացի այդ, այն նաև չի կարող փոխել թռիչքի ուղղություն, որպեսզի դրա մարտկոցները վերալիցքավորվեն արևային մարտկոցներից:










