Իրանը սկսել է սեփական արտադրության առաջին ռեակտիվ կործանիչի սերիական արտադրությունը

14:56 • 03.11.18

Իրանի իշխանությունները տվել են այս տարվա օգոստոսին պաշտոնապես ներկայացված առաջին ռեակտիվ կործանիչի՝ «Քոսար»-ի սերիական արտադրության մեկնարկը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին ու իրանական բանակի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին Սպահան քաղաքում մասնակցել են «Քոսար»-ի արտադրական գծի բացմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կործանիչը համալրված է առաջադեմ տեխնոլոգիաներով, բազմանպատակ ռադարով, 4-րդ սերնդի ռադիոէլեկտրոնային բորտային սարքավորումներով: Պաշտպանության նախարարի խոսքով՝ կործանիչի բոլոր դետալները 100%-ով արտադրված են Իրանում:

«Քոսար»-ն օգտագործվելու է օդային աջակցության կարճատև առաքելությունների իրականացման համար:

Նոր կործանիչը ներկայացվել էր Թեհրանի ու Վաշինգտոնի միջև գերլարված հարաբերությունների ֆոնին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրանական ռեժիմից» պահանջում է սառեցնել հրթիռային ծրագիրը, ինչին Իրանը կտրուկ դեմ է: 

Իրանը սկսել է սեփական արտադրության առաջին ռեակտիվ կործանիչի սերիական արտադրությունը