Facebook-ը հայտնել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրենց արգելափակած 100-ից ավելի հաշիվները կարող են կապ ունենալ Կրեմլի հետ
Facebook ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրենց արգելափակած հարյուրից ավելի հաշիվները կարող են կապ ունենալ Կրեմլի հետ, այս մասին գրում է Washington Post-ը:
ԱՄՆ-ում չեն բացառում, որ դրանք կարող են լինել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծ տեղեկատվություն տարածած «ռուս գործակալների» ձեռքի գործը:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ արգելափակված հաշիվները կապված են «Համացանցային հետազոտությունների գործակալության» (IRA) հետ, որը համարվում է ռուսամետ կազմակերպություն:
Facebook-ի կիբեռանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյհերը նշել է, որ սա ահազանգ է, որ «ոչ բարեխիղճ գործիչները չեն հանձնվի», հետևաբար՝ շատ կարևոր է իրենց աշխատանքն ԱՄՆ կառավարության ու այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ նման մտադրություններ ունեցողներից մեկ քայլ առաջ լինելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ում այդ էջերը հիմնականում ռուսալեզու և ֆրանսալեզու էին, իսկ Instagram-ում՝ անգլալեզու:










