Ավելի քան 1.1 մլն դոլար. Christie’s-ն աճուրդով վաճառել է Սթիվեն Հոքինգի անվասայլակն ու գիտական աշխատությունները

10:32 • 09.11.18

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը կազմակերպել է մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից մեկի՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգի անձնական իրերի վաճառքը:

Ինչպես հայտնում է apnews.com-ը, մասնավորապես 393.000 դոլարով վաճառվել է շարժիչով համալրված անվասայլակը, որի վրա Հոքինգն անցկացրել է կյանքի մեծ մասը: Հատկանշական է, որ նմուշը սկզբում գնահատվել էր 15.000 դոլար:

Բացի այդ, 767.000 դոլարով վաճառվել է գիտնականի 1965թ. գրված դոկտորական դիսերտացիայի օրինակը, որը սկզբում երեք անգամ ավելի քիչ էր գնահատվել:

Նշվում է, որ վաճառքից ստացած գումարները տրամադրվելու են բարեգործական հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ Հոքինգը մահացել է այս տարվա մարտին: Նա 76 տարեկան էր: Պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։

 

Ավելի քան 1.1 մլն դոլար. Christie’s-ն աճուրդով վաճառել է Սթիվեն Հոքինգի անվասայլակն ու գիտական աշխատությունները