ՆԱՍԱ-ն հայտնել է նոր Crew Dragon տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքի ամսաթիվը
Ամերիկյան SpaceX ընկերությունը եկող տարվա հունվարի 7-ին նախատեսում է իրականացնել նոր բազմակի օգտագործման Crew Dragon տիեզերանավի առաջին փորձնական արձակումն՝ անօդաչու ռեժիմով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը, նոր տիեզերանավն առանց անձնակազմի ուղեծիր դուրս կբերվի SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի միջոցով: Բազմակի օգտագործման համար նախատեսված տիեզերանավը պետք է միանա Միջազգային տիեզերակայանին:
Հրթիռակրի արձակումը տիեզերանավի հետ միասին նախատեսված է տեղի ժամանակով 23:57-ին (երևանյան՝ հունվարի 8-ի 08:57): Հրթիռակիրը տիեզերք կարձակվի ՆԱՍԱ-ի կայանից, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանում:
Crew Dragon-ի առաջին թռիչքը տիեզերագնացների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա հունիսին:










