Կահիրեի արվարձաններում լավ պահպանված մումիաներով 8 սարկոֆագ են հայտնաբերել
Եգիպտացի հնագետները, որոնք աշխատում են Կահիրեի արվարձաններում գտնվող Դահշուր շրջանում, սարկոֆագներով և մումիաներով ութ գերեզման են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությանը, հնագիտական առաքելությունն աշխատանքները տվյալ շրջանում սկսել է այս տարվա օգոստոսին: Գիտնականները կրաքարից պատրաստված 8 սարկոֆագ են գտել, իսկ դրանցում՝ լավ պահպանված մումիաներ, որոնք տեղադրված են եղել հավելյալ, ներքին գունավոր սարկոֆագի մեջ:
Գիտնականները կարծում են, որ գտածոն պատկանում է Հին Եգիպտոսի պատմության ուշ ժամանակաշրջաններին: Դեռևս առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:
Դահշուր շրջանը գտնվում է Կահիրեից 26 կմ հեռավորությամբ և հանդիսանում է Հին Եգիպտոսի փարավոնների դամբարանադաշտը:










