Չինաստանում ծնվել են աշխարհում առաջին գենետիկորեն ձևափոխված երեխաները. Daily Mail (տեսանյութ)

09:44 • 27.11.18

Չինացի գիտնական Հի Ժյանկույը (He Jiankui) պնդում է, որ լաբորատոր պայմաններում օգնել է «ստեղծել» գենետիկորեն ձևափոխված՝ աշխարհում առաջին երեխաներին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը երկվորյակ քույրերի մասին է, որոնց ԴՆԹ-ն փոխվել է գերառաջադեմ «գործիքի»՝ CRISPR-cas9-ի միջոցով:

Գիտնականի խոսքով՝ Լուլուն և Նանան ծնվել են մի քանի շաբաթ առաջ ու գենետիկ փոփոխությունների շնորհիվ այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ:

Նա մանրամասնել է, որ լաբորատոր գործընթացին մասնակցել է նաև ամերիկացի գիտնական: Հայտնի է, որ ԱՄՆ-ում մարդկային գենի փոփոխությունն արգելված է, քանի որ մտավախություն կա, որ այն կվնասի մյուս գեներին:

Այս պրակտիկան արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում, և մասնագետների համոզմամբ, եթե չինացի գիտնականի ասածն իրոք ճիշտ է, ապա իրականացվել է բարոյականությանն ու էթիկայի նորմերին դեմ «հրեշավոր գիտափորձ»:

«Այդ երեխաներն օգտագործվում են որպես գիտափորձի մկներ: Սա գենետիկայի ոլորտի համար ռուսական ռուլետկա է»,-ասել է գիտնականներից մեկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ CRISPR-cas9 կոչվող գործիքը հնարավորություն է տալիս աշխատել ԴՆԹ-ի վրա, ակտիվացնել անհրաժեշտ գենը, կամ հակառակը՝ չեզոքացնել հիվանդության պատճառ հանդիսացող գենը:

Այս տեխնոլոգիան վերջերս է փորձարկվել մարդկանց վրա՝ մահացու հիվանդությունները բուժելու նպատակով: Դա նշանակում է, որ հիվանդություն ունեցող մարդը գենային փոփոխությունից հետո իր ապագա երեխաներին վտանգավոր գեները չի փոխանցի: