«Ամերիկացիներին տիեզերք ուղարկել ցանկացողը չպետք է մարիխուանա ծխի». ՆԱՍԱ-ն՝ Իլոն Մասկին

09:07 • 01.12.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել է, որ եթե միլիարդատեր Իլոն Մասկը ցանկանում է ամերիկացի տիեզերագնացներին տիեզերք ուղարկել, ապա չի կարող շարունակել մարիխուանա ծխել ու հրապարակավ ալկոհոլ օգտագործել:

Ինչպես նշում է theatlantic.com կայքը, Մասկի ղեկավարած SpaceX ընկերությունը հրթիռներ ու այլ փոխադրամիջոցներ է ստեղծում ՆԱՍԱ-ի համար, որպեսզի ամերիկացի տիեզերագնացներին հնարավոր լինի այսուհետ ԱՄՆ տարածքից տիեզերք ուղարկել:


«Դա վստահություն չի ներշնչում: Նման ընկերությունների ղեկավարները պետք է կատարվածը դիտարկեն որպես մի բան, ինչ չպետք է անի այն մարդը, որը ցանկանում է ամերիկացի տիեզերագնացներին տիեզերք ուղարկել»,-ասել է Բրայդենսթայնը:

ՆԱՍԱ-ի ղեկավարը հավելել է, որ ուղիղ եթերում մարիխուանա ծխելուց հետո, Մասկն իր հետ զրույց է ունեցել ու դրա ընթացքում ասել, որ այլևս նման բան չի կրկնվի:

Հիշեցնենք, որ Մասկը սեպտեմբերին, հյուրընկալվելով հումորիստ Ջո Ռոգանի շոուին, ուղիղ եթերում մարիխուանա է ծխել: Տեխնոլոգիական նորարարությունների ու հանրության կողմից Մասկի ընկալման մասին զրույցի ընթացքում հաղորդավարն իր հյուրին Կալիֆոռնիայում օրինական համարվող թմրանյութ է առաջարկել:

«Դե սա օրինական է, չէ՞»,- հետաքրքրվել է Մասկը՝ վերցնելով մարիխուանայի ու ծխախոտի խառնուրդը: Բացի այդ, նրանք վիսկի են խմել, ինչի ժամանակ միլիարդատերն ասել է, որ ալկոհոլը թմրանյութի պես բան է:

«Ամերիկացիներին տիեզերք ուղարկել ցանկացողը չպետք է մարիխուանա ծխի». ՆԱՍԱ-ն՝ Իլոն Մասկին