SpaceXը երրորդ անգամ չեղարկում է Falcon 9 հրթիռակրի արձակումն ուղեծիր
Ամերիկյան Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը պետք է տիեզերք հասցներ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երրորդ սերնդի GPS III համակարգով զինված արբանյակը, կրկին հետաձգվել է:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով SpaceX տիեզերական ընկերությանը, արձակումը, որը հինգշաբթի նախատեսվում էր իրականացնել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի կայանից, չեղարկվել է վատ եղանակային պայմանների պատճառով:
Արբանյակով հրթիռակրի արձակումը պետք է տեղի ունենար դեռևս դեկտեմբերի 18-ին, սակայն մեկնարկից 7 րոպե առաջ արձակումը չեղարկվել է ցուցիչների ոչ ստանդարտ տվյալների պատճառով: Ընկերությունը հրթիռակրի արձակումը տեղափոխել էր դեկտեմբերի 19-ին, սակայն կրկին ձախողել էր այն՝ հետաձգելով հաջորդ օրվան: Այսօր էլ արձակմանը խանգարել է վատ եղանակը:
GPS III սարքավորումը, որը 3,8 տոննա է կշռում, պետք է դառնա 32 արբանյակից կազմված խմբի առաջին նմուշը ուղեծրային տարածքում: Այն աստիճանաբար կփոխարինի հնացած արբանյակներին, որոնք ներկայում ապահովում են GPS ազդանշանի փոխանցումն աշխարհով մեկ:










