Հնագետներն ավերակներ են հայտնաբերել, որոնք կարող են Չինական մեծ պարսպի մասը լինել
Չինացի հնագետները Հեբեյ նահանգի Թայխանշան շրջանի լեռներում հնագույն ավերակներ են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, կազմում են Չինական մեծ պարսպի մի մասը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի մշակութային արժեքների և հնագույն իրերի պահպանության բյուրոյին, նախնական գնահատումների համաձայն՝ ավերակները թվագրվում են Մին արքայատոհմի ժամանակաշրջանին:
Բյուրոյի աշխատակցի խոսքով՝ դեռևս 2007-ին քաղաքում 19 հնագույն կառույց է հայտնաբերվել այդ ժամանակաշրջանի Չինական մեծ պարսպից: 11 տարի անց դարձյալ ավերակներ են հայտնաբերվել, որոնց նմանությունը նախորդ գտածոների հետ թույլ է տալիս ենթադրել, որ դրանք բոլորը մեկ պաշտպանական համակարգի մաս են կազմել:
Հաղորդվում է, որ վերջերս հայտնաբերված ավերակների երկարությունն ավելի քան 300 մետր է կազմում, իսկ ծովի մակարդակից բարձրությունը՝ 1592-1625 մետր: Հնագույն կառույցները զիգզագի տեսք ունեն և ձգվում են հարավից հյուսիս ուղղությամբ:
Չինական մեծ պարիսպը հնագույն խոշորագույն ճարտարապետական հուշարձան է, որի ամբողջական երկարությունը կազմում է ավելի քան 21 000 կմ:










