Չինական տիեզերական սարքն առաջին անգամ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում և լուսանկար ուղարկել Երկիր (լուսանկարներ)
Չինական «Չանյե-4» տիեզերական սարքն առաջին անգամ բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում և Երկիր է ուղարկել այնտեղ պատկերած առաջին լուսանկարները:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Չինաստանի ազգային տիեզերական վարչության կայքը, սարքը վայրէջք է կատարել հունվարի 3-ին: Գերատեսչության կայքում նկարագրվում է, որ Երկրի բնական արբանյակի հակառակ կողմը պատկերող առաջին լուսանկարներն ստացվել են տեղի ժամանակով ժամը 11:40-ին (երևանյան ժամանակով՝ 07:40-ին):
«Չանյե-4» սարքն առաջինն է դարձել, որը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում: Վայրէջքը տեղի է ունեցել արբանյակի Հարավային բևեռում գտնվող Էյտկենի ավազանում: Ակնկալվում է, որ սարքը տեղեկություններ կհավաքի Լուսնի երկրաբանական կառուցվածքի և դրա մակերևույթի բաղադրության մասին, ինչպես նաև մի շարք ռադիոաստղագիտական դիտարկումներ կիրականացնի:
Չինական սարքն արձակվել է Սիչուան նահանգի Սիչան կայանից դեկտեմբերի 8-ին:












