Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 12 մլն դոլար պարգևավճար է ստացել

15:35 • 09.01.19

Ամերիկյան Apple կորպորացիան անցած ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկի և մյուս թոփ մենեջերների վարձատրության չափը, քանի որ հիմնական տարեկան արդյունքները՝ և՛ շահույթը, և՛ հասույթը, սպասվածից ավելին են եղել, հայտնում է The Wall Street Journal-ը:   


Ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերին, Apple-ը Քուկին $15,7 մլն է վճարել: Դա 22%-ով ավելի է նախորդ տարվանից:


Ընկերության ղեկավարին տրվող վարձատրության չափն ավելանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Դրան մեծապես նպաստել է 12 մլն դոլարի չափով պարգևավճարը, որը նշանակվել է Քուկին ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ նպատակային ֆինանսական ցուցանիշների բարելավման համար:


2018 ֆինանսական տարում Apple-ն ավելացրել է հասույթը՝ հասցնելով $265,6 մլրդ-ի: Օպերացիոն շահույթը հասել է $70,9 մլրդ-ի՝ սպասվող $70 մլրդ-ի փոխարեն:


Apple-ի աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը, բոնուսներով հանդերձ, 2018 ֆինանսական տարում գերազանցել է 55 000 դոլարը:

Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 12 մլն դոլար պարգևավճար է ստացել