«Կանաչի ծովում թաղված գեղեցկություն, որը կարծես երկնքից է իջել». Wallpaper-ի անդրադարձը Լոռու «ՍՄԱՐԹ» կենտրոնին (լուսանկարներ)
Wallpaper.com կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել ՀՀ Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնին, որը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շնորհիվ:
«Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի Դեբետ գյուղի գեղատեսիլ անկյուններից մեկում ծվարած կենտրոնը, որի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է թողնում, կարծես երկնքից է իջել, այլ ոչ թե կառուցվելով գետնից վեր է խոյացել»,- գրում է անդրադարձի հեղինակ Ուորեն Սինխ Բարթլետը:
Նա մեջբերում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Սմարթ» նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանին, որի խոսքով՝ «սկզբում տեղի գյուղացիները կենտրոնն ընկալում էին որպես տիեզերական կենտրոն, իրենց հետ որևէ առնչություն չունեցող մի օբյեկտ, որը, նրանց համոզմամբ, նախատեսված էր միայն հարուստների համար»:
Նշվում է, որ «ՍՄԱՐԹ» կենտրոնը հիմնադրամի 20 նախաձեռնություններից առաջինն է, որի նպատակն է 21-րդ դարի կրթական ու զարգացման ծրագրերը բերել Հայաստանի գյուղական համայնքներ: Այստեղ երեխաները զբաղվում են ռոբոտաշինությամբ, ինժեներիայով, վիզուալ արվեստներով, երգ ու պարով և այս ամենն՝ անվճար:
Անդրադառնալով շինության արտաքին դիզայներական լուծումներին՝ հեղինակը ներկայացնում է Գալուստյանի խոսքը. «Ես ցանկանում էի այնպիսի մի բան նախագծել, որը կընդգրկեր հողն ու կլիներ ավելին, քան ուղղակի ճարտարապետական նմուշ: Հայաստան ժամանելուն պես առաջին հայացքից սիրահարվեցի Լոռու մարզին: Փորման աշխատանքներն արդեն սկսվել էին. նախատեսված էր եռահարկ շենք կառուցել, բայց ես անմիջապես հասկացա, որ այն պետք է մեկհարկանի շինություն լինի»:

Բարթլետն իր կողմից հավելում է, որ շենք այցելողներն անմիջապես զգում են, որ սա միանգամայն այլ բան է, և պարտադիր չէ, որ նրանք հասկանան՝ որն է տարբերությունը:

«Իհարկե, եթե ցանկանաք, թերություններ էլ կարող եք գտնել շենքում: Դրա որոշ հատվածներում ամեն ինչ կատարյալ չէ: Սակայն այդ թերությունները չեն կոտրում այն ամբողջական տպավորությունը, որ ստանում ենք կանաչի ծովում թաղված այս գեղեցկությունից: Կարող եք հարյուրավոր կիլոմետրեր գնալ, բայց նման բան չեք տեսնի: Այստեղ՝ Լոռիում, այս շինությունը վերերկրային ինչ-որ բանի է նման: Ես հասել եմ նպատակիս. գյուղացիները շատ են հպարտանում դրանով, նրանք ընդունել են շենքն ու հասկացել դրա իմաստը, իսկ դա ճարտարապետի համար մեծ պարգև է»,-նշել է Գալուստյանը:










