«Խելացի» զուգարանից մինչև քայլող մեքենա. CES 2019-ի ամենաուշագրավ տեխնոլոգիական նորույթները՝ ըստ The Guardian-ի (լուսանկարներ)

14:01 • 12.01.19

Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Լաս Վեգասում անցկացված CES 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որի շրջանակում հայտնի ու սկսնակ ընկերությունները ներկայացրել են տեխնոլոգիական նորարարություններ, անհավանական կոնցեպտներ ու հավակնոտ գաղափարներ:

Աղբյուրը հարյուրավոր նորույթների շարքից առանձնացրել է ամենաուշագրավները.

Գլանակի պես փաթաթվող հեռուստացույց

Մի քանի տարի տևած խոստումներից հետո հարավկորեական LG ընկերությունը վերջապես ներկայացրել է  Signature OLED TV R9  հեռուստացույցը: OLED էկրանով հեռուստացույցը միացված ժամանակ որևէ արտառոց բանով աչքի չի ընկնում: Սակայն երբ այն անջատվում է, էկրանն անմիջապես ծալվելով հավաքվում է տակդիրի մեջ: Արդյունքում մնում է միայն ուղղանկյունաձև տակդիրը:

 

 

Հայտնի է, որ հեռուստացույցը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Թեև դրա գինը դեռևս չի հայտարարվել, ենթադրվում է, որ այն շատ թանկ կլինի:

Հեռուստացույցի էկրանը կունենա 65 դյույմ անկյունագիծ:

 


«Խելացի» զուգարան

 

 

Ամերիկյան Kohle ընկերությունը ներկայացրել է Numi 2.0 Intelligent Toilet զուգարանը՝ համալրված բարձրախոսներով, ինչպես նաև Alexa ձայնային կառավարման համակարգով: Օրինակ՝ զուգարանից օգտվելուց հետո կարելի է ասել. «Ալեքսա, իմ փոխարեն ջուրը քաշիր»:

 


Մարդու մարմնի ջերմությամբ լիցքավորվող «խելացի» ժամացույց

 

 

Ուշագրավ նորույթների շարքում է Matrix PowerWatch 2 «խելացի» ժամացույցը, որը լիցքավորման դնելու կարիք չունի. այն լիցքավորվում է անմիջապես կրողի մարմնի ջերմությամբ:

Ժամացույցը ջրակայուն է, ունի գունավոր էկրան, ցույց է տալիս հեռախոսին ստացվող ծանուցումները, հետևում է կրողի առողջական վիճակին:



iTunes-ին հասանելիությամբ Samsung TV

 

 

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր «խելացի» հեռուստացույց՝ համալրված iTunes  երաժշտական հավելվածով:

 


Քայլող մեքենա

 

 

Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է բացառիկ մեքենա՝ համալրված ռոբոտային ոտքերով: Անհրաժեշտության դեպքում վարորդը կարող է ակտիվացնել ռոբոտային ոտքերի ռեժիմը, և մեքենան կքայլի:

 


Ավտոմատ դիմահարդարում

 

 

Ամերիկյան Procter & Gamble ընկերությունը կյանքի է կոչել կանանց երազանքներից մեկը՝ ստեղծելով ավտոմատ դիմահարդարում անող սարք: Opté Precision Skincare System կոչվող սարքը սքանավորում է դեմքը, որոշում դրա հստակ գույնը, մաշկի պիգմենտացիան, թերություններն ու հետո այն հարդարում այն քանակությամբ պարագաներով, որքան բավական է թերությունները քողարկելու համար:

 

«Խելացի» զուգարանից մինչև քայլող մեքենա. CES 2019-ի ամենաուշագրավ տեխնոլոգիական նորույթները՝ ըստ The Guardian-ի (լուսանկարներ)