Nissan-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Ճապոնական Nissan ավտոշինական ընկերության գործադիր տնօրեն Խոսե Մունսոնը հրաժարական է տվել, գրում է РИА Новости-ն՝ Kyodo գործակալությանը հղումով:
Նշվում է, որ Խոսե Մունսոնն ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնի մտերիմներից է, և նրա հրաժարականը կարող է պայմանավորված լինել վերջինիս ձերբակալությամբ:
Նախօրեին Տոկիոյի դատախազության նոր մեղադրանք է առաջադրել Գոնին. նա մեղադրվում է իր անհատական ակտիվների տնօրինման արդյունքում կորուստները ընկերության վրա բարդելու, ինչպես նաև վերջին 3 տարիների ընթացքում իր ստացած պարգևավճարների չափերը կեղծելու համար:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել էին 2018թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել էր, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել:










