Հայաստանում կիոկուշին կարատեի միջազգային առաջնություն կանցկացվի. մանրամասնում է Սպարտակ Գասպարյանը
Ապրիլի 27-28-ը Երևանում կիոկուշին կարատեի միջազգային առաջնություն կանցկացվի, որին 15 երկրի մեծ թվով մարզիկներ կմասնակցեն:
Armsport-հետ զրույցում Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը նշեց, որ առաջնությունը Հայաստան կբերի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների, անվանի մարզիկների՝ տարբեր տարիքային խմբերում:
Մեր երկիրն ավելի քան 1000 ներկայացուցիչ կունենա մրցաշարում, որի արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքականները, որոնք մայիսին կմասնակցեն Եվրոպայի և աշխարհի առաջնութուններին:
Նախկին «Միկա» մարզահամալիրում կայանալիք առաջնության մրցումային առաջին օրը՝ ապրիլի 27-ին, պայքարի դուրս կգան մինչև 12, իսկ ապրիլի 28-ի առավոտյան՝ 12-16 տարեկան մարզիկները: Ապրիլի 28-ի երեկոյան արդեն տատամի դուրս կգան Եվրոպայի և աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները, այդ թվում՝ Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Առուշանյանը:
Սպարտակ Գասպարյանի խոսքով մրցաշարի հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտ ամիսն է:










