Խայտառակ քվեարկություն էր, մեր բերած փաստարկները որևէ հակափաստարկով չեն հերքվել․ Է․ Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակների ընտրության մասին (տեսանյութ)

15:48 • 15.01.19

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունում է «Իմ քայլը» դաշինքի այն մեկ պատգամավորին, որը ԱԺ փոխխոսնակների ընտրության ժամանակ իր ձայնը տվել է ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին։

Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ժամանակին էլ նման մի բան է արել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ներկայումս ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ոսկե տառերով այդ անձի անունը գրվեց հայոց պատմության մեջ»,- ասաց նա։ Մարուքյանն անուն չտվեց, սակայն չբացառեց, որ կարող է լինել իրենց նախկին կուսակիցը՝ նկատելով, որ սա մեծ քաղաքականություն է։ Նա Վահե Էնֆիաջյանի՝ Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլը ջենտլմենական որակեց։ Ըստ նրա՝ եթե հաղթեր Մանե Թանդիլյանը, ապա իրենք էլ ինչ-որ բան կնվիրեին Վահե Էնֆիաջյանին։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ԲՀԿ լարվածության թուլացմանը, Էդմոն Մարուքյանը շեշտեց․ «Բայց մենք, հազար անգամ ասացի, ու ԲՀԿ-ի հետ չէ մեր լարվածությունը, լարվածություն չունենք, քանի որ ընտրողը «Իմ քայլը» դաշինքն էր։ Մենք Վահե Էնֆիաջյանի հետ լարվածություն չունեինք, որովհետև նա չէր որոշելու՝ Մանե Թանդիլյանը լիներ ԱԺ փոխխոսնակ, թե ոչ»։

Պատգամավորը հիշեցրեց, իր ելույթում ասել է, որ «կրակ են բացում իշխանության վրա» և ԲՀԿ-ին հորդորել է այդ կրակն իրենց վրա չվերցնել։ Ընդհանուր առմամբ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունը մեկ բառով Մարուքյանը խայտառակ որակեց։

«Ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ մեր բերած փաստարկները որևէ հակափաստարկով չեն հերքվել»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովների ավելացմանը, նշեց, թե ուռճացում չկա, նաև շեշտեց, որ ավելացումն իրենց համար որևէ առավելություն չի տալիս։

«Մենք ժամանակին քննադատել ենք մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ վատ ուղերձ համարելով։ Հիմա սա վերադարձվում է հին տեսքին։ Քանի որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ունենք այս կառույցում բազմաթիվ խնդիրներ, որոնք տարբեր հարթակներից բարձրաձայնում ենք, բայց լուծում չենք ստանում, առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ խնդիրներով՝ ներմուծման, արտահանման, վարորդական իրավունքների և այլն։ Մենք խորհրդարանական երկիր ենք, այս բոլոր խնդիրները չի կարելի թողնել միայն Կառավարության ուսերին։ Խորհրդարանի բյուջեի վրա սա ավելորդ ծախս չէ, մաքսիմում 132 հազար դրամ է ավելանում»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

ՀեղինակԱնի Օհանյան