Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:
Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Մերժվեց այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ուներ իր որոշմամբ միջնորդության քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից որևէ մեկին, մեզ համար պատճառաբանությունն ընդունելի չէ: Սակայն դրա դեմ մենք ուրիշ այլ միջոց չենք կարող ձեռնարկել և ստիպված ենք տվյալ դատավորի հետ մասնակցել միջնորդությունների քննությանը»,-ասաց Հայկ Ալումյանը:
Բացի այդ, Հայկ Ալումյանն ասաց, որ հիմնական միջնորդությունների քննությանը դատարանը կանցնի ընդմիջումից հետո՝ 14:30-ին:
Պաշտպանը նաև հայտնեց, որ պաշտպանական կողմը պնդելու է, որ դատարանը սկզբում անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությանը, որը ներկայացվել է դեկտեմբերին, այնուհետև քննի ՀՔԾ քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչի անհրաժեշտությունը գրավ կիրառելու դեպքում այլևս չի լինի:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու և միաժամանակ ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները:










