Լուսին ուղարկված բամբակի ու կարտոֆիլի սերմերը ծիլ են տվել

16:12 • 15.01.19

Լուսնի հակառակ կողմում վայրէջք կատարած չինական «Չանյե 4» տիեզերական սարքում ծիլ են տվել գիտական փորձարկումների նպատակով Լուսին ուղարկված բամբակի ու կարտոֆիլի սերմերը, գրում է The Guardian-ը:

Նախկինում բույսեր են աճեցվել Միջազգային տիեզերակայանում, սակայն սա Լուսնի վրա որևէ բան աճեցնելու առաջին փորձն է: Գիտնականները տիեզերքում բույսեր աճեցնելը շատ կարևոր փորձ են համարում հետագա տիեզերական երկարաժամկետ առաքելությունների համար, ինչպիսին կարող է լինել Արեգակնային համակարգի այլ մոլորակների, օրինակ՝ Մարսի վրա մարդկանց խումբ ուղարկելը:


Փորձարկումն անց է կացվում սարքի վրա՝ հող, ջուր և օդ պարունակող 18 սանտիմետրանոց տարայի մեջ:

Չինաստանի տիեզերական ազգային վարչության փոխնախագահ Վու Յանհուայի խոսքով՝ Չինաստանը, հավանաբար, 2020թ.-ին նմանատիպ փորձարկում կանցկացնի Մարսի մակերևույթին:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Չինաստանի արձակած «Չանյե 4» տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Լուսնի հակառակ կողմում արված առաջին համայնապատկերային լուսանկարները:

Սա պատմական առաքելություն է ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ սա Երկրի բնական արբանյակի հակառակ կողմի վրա բարեհաջող վայրէջքի առաջին դեպքն է:

Լուսին ուղարկված բամբակի ու կարտոֆիլի սերմերը ծիլ են տվել