Տալալաև. Պետրոս Ավետիսյանի համար անչափ լուրջ առաջարկներ կան արտասահմանից
«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ավագ Պետրոս Ավետիսյանը կարիերան կարող է շարունակել արտասահմանում:
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում նշել է, որ 23-ամյա կիսապաշտպանի, ինչպես նաև թիմի դարպասապահ Անդրիա Դրագոևիչի համար իրենք «անչափ լուրջ» առաջարկներ են ստացել.
«Արտասահմանյան թիմերից անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և դարպասապահ Անդրիա Դրագոևիչի համար:
Եթե նրանք գնան, մենք իհարկե պետք է ամրապնդենք նաև նրանց խաղային դիրքերը: Իսկ այնպես, մեր մնացած ֆուտբոլիստները բացարձակ մրցունակ են».- նշել է ռուս մասնագետը` չմանրամասնելով, թե որ ակումբներից են առաջարկները:
Պետրոս Ավետիսյանը, որն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում` «Բանանցում» և «Փյունիկում», Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպման է մասնակցել` դառնալով 2 գոլի հեղինակ:
23-ամյա խաղացողն կարիերան արտասահմանում շարունակելու հնարավորություն ուներ նաև անցած տարի: 2018 թվականին փետրվարին, հիշեցնենք, Պետրոս Ավետիսյանը Թուրքիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան էր անցել ուկրաինական «Ալեքսանդրիա» ակումբում, որի կազմում նաև ընկերական հանդիպման էր մասնակցել: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լուգանսկի «Զարյան»:
Իսկ 27-ամյա չեռնոգորցի դարպասապահ Դրագոևիչն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Արարատից» տեղափոխվել «Փյունիկ»` մասնակցելով առաջնության 13 հանդիպման:










