ԼՀԿ ներկայացուցիչն ադրբեջանական տեղեկություններ էր տարածում ԱԺ-ում, ԼՀԿ-ն Անդրանիկ Մանուկյանի արածի կեսն էլ ՀՀ-ի համար չի արել․ Արման Աբովյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստանի»-ի ներկայացուցիչն ադրբեջանական տեղեկություններ էր տարածում ՀՀ ԱԺ-ում։
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ դեսպանների մասին ելույթին։ Աբովյանին հատկապես դուր չէր եկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի՝ Բաբաջանյանին անդրադարձը։ Նրա խոսքով՝ ԼՀԿ պատգամավորը շարունակեց պտտեցնել ադրբեջանական այն թեզերը, որ քցվել էին հայկական լրատվական դաշտ։
«Նման տեղեկություններ ներքցվել էին մի պարզ պատճառով՝ նեյտրալիզացնել ամենաէֆեկտիվ դեսպաններից մեկին։ Ինչով է պայմանավորված նրա նման պահվածքը, չգիտեմ, ես պարզապես շոկ եմ ապրում»,- ասաց նա։
Նշենք, որ նիստերի դահլիճում Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան պատասխանեց Արման Աբովյանը, որը երկար ժամանակ եղել է Անդրանիկ Մանուկյանի օգնականը։ Ելույթի ընթացքում վիճաբանություն եղավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական պատգամավորների միջև։
Աբովյանը, անդրադառնալով այս միջադեպին, ասաց․ «Ախր, մենք խնդիր չունենք ինքնահաստատվելու, բայց 3 տարուց ավել աշխատելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, տեսնելով, որ ամեն օր այդ մարդն իր կյանքը դնում է ՀՀ-ի համար՝ չեմ կարող չխոսել։ Հավատացեք՝ այստեղ նախկին վերադասին պաշտպանելու խնդիր չէ»։
Նա նորմալ է համարում նաև Անդրանիկ Մանուկյանի որդու՝ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանի՝ Արման Բաբաջանյանին ելույթի ժամանակ դահլիճից ռեպլիկ թողնելն ու հեռանալը։ Աբովյանը գտնում է, որ որդին չի կարող հանդուրժել իր հոր մասին սուտը։ Պատգամավորը նաև ապատեղեկատվություն որակեց այն, թե Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է բացառապես ռուսական շահը։
«Սուտ, կրկին ադրբեջանական թեզ, ադրբեջանական մամուլ կարդալու հետևանք։ Որքանով ես գիտեմ, Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված, ես բան չունեմ ասելու, կարող է նաև Մոնղոլիայի դրոշը կախել, բայց մի բան հստակ գիտեմ, որ ՀՀ դեսպանատան գլխին կախված է եղել միայն ու միայն ՀՀ դրոշը»,- ընդգծեց Արման Աբովյանը։
Հարցին՝ ի՞նչ եք անելու, հարցը քննարկելո՞ւ եք խմբակցությունում, դատի՞ եք տալու Արման Բաբաջանյանին, Աբովյանը պատասխանեց․ « Ես չգիտեմ՝ ինչ ենք անելու, մենք հարցը կքննարկեք խմբակցությունում»։
ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Արման Բաբաջանյանը չի կարող իր հայտարարությունները փաստերով ապացուցել։ Նա շեշտեց՝ ամբողջ ԼՀԿ-ն նույնիսկ ՀՀ-ի համար Անդրանիկ Մանուկյանի արածի նույնիսկ կեսը չի արել։










