ԵԱՏՄ անդամ լինելով՝ ուզում ենք տեսնել ապրանքների ազատ շարժ, դրա խոչընդոտների դեպքում բարձրաձայնում ենք, ինչը որոշ երկրներին դուր չի գալիս. Հովհաննես Իգիթյան

11:06 • 16.01.19

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը, երբ քննարկվում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նրան, թե արդյոք ՀՀ-ում տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների փոփոխություն, թե ոչ:

«Ե՛վ այո, և՛ ոչ, այսինքն, եթե վերցնենք զուտ ֆորմալ առումով, ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և բոլոր այն կառույցներում, որտեղ եղել է, կա, եթե բովանադակային նայենք, եղել է և կտրուկ փոփոխություն, թե այն կազմակերպություններում, որտեղ ՀՀ-ն անդամ է ՌԴ-ի և նրա շուրջը, ինչպես նաև ԵՄ-ի հետ»,-ասաց նա: 

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնականում եղել են իմիտացիոն: «Միշտ ասել ենք՝ իբր անում ենք ժողովրդավարական փոփոխություններ, իբր կոռուպցիայի դեմ ենք պայքարում, իբր մարդու իրավունքների հետ կապված փոփոխություններ են անում, ու մեզ տվեք ավելին, իբր ավելի բան արեցինք: Այսօր մենք իմիտացիայի կարիք չունենք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենք դիտորդներին վերջին ընտրությունների հետ կապված ասել են, որ իրենք չեն պատրաստվում բավարարվել այն գնահատականի հետ, որ մշտապես ասում են, թե մեկ քայլ առաջ էր, իրենց համար կարևորը ժողովրդի գնահատականն է:

«Մենք շատ առաջ ենք գնացել և խորհրդարանական պատվիրակությունների հետ միասին պետք է շեշտենք, ներկայացնենք այս փաստերը մեր կոլեգաների հետ հանդիպումներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ կազմակերպությունների նախկին վարվելակերպին, Իգիթյանը նշեց, որ իրենց նախ ասում են, որ այն քաղաքականությունը, որը նախկինում եղել է, շարունակում են առաջ տանել, բայց մյուս կողմից էլ՝ իրենց մեղադրում են, որ նայեք, փչացրել եք ամեն ինչ, այն բարի հարաբերությունները, որոնք կային ՌԴ-ի և մյուս երկրների հետ և ստեղծել լարվածություն:

«Իրականում որտեղի՞ց է գալիս այդ լարվածությունը, «եթե մենք չմտնեինք այս կամ այն միություններ, մեզ կպատժեին», դա ասում էին նախորդները, հիմա արդեն անդամակցել ենք, և առաջին անգամ ՀՀ-ն փորձեց բարձրացնել իր շահը, որն անսովոր է հնչում այնտեղ նստած ղեկավարների համար: Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը ենթադրում է ազատ շարժ ոչ միայն մարդկանց, այլ նաև ապրանքների, ապա մենք ուզում ենք տեսնել այդ շարժը, և եթե քաղաքական խոչընդոտներ կան, մենք բարձրացնում ենք, և որոշ երկրների դա դուր չի գալիս: Այսինքն՝ քաղաքականությունը մի կողմից չի փոխվել, մյուս կողմից էլ կտրուկ փոփոխության է ենթարկվել»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը կարևորեց այն, որ ՀՀ-ը՝ որպես պետություն, պետք է ունենա արտաքին քաղաքականության դոկտրին, որի հիման վրա պատգամավորները պետք է ստեղծեն իրենց մոտեցումը: «Գաղտնիք չէ, որ պատգամավորներն առավել ազատ են իրենց աշխատանքներում, քան գործադիրը, և մենք կարող ենք պահանջատեր լինել»,-ասաց նա:

ԼՂՀ-ի հարցի մասին նա ասաց, որ նրանց խորհրդարանի հետ պետք է աշխատեն և մնացած հարցերը ձևավորեն, իսկ անելիքները շատ են: