Մադոննան կարող է ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2019»-ին
Ամերիկյան հայտնի երգչուհի Մադոննան կարող է ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի այս տարվա մայիսին՝ Թել Ավիվում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով իսրայելական Ynet պորտալին:
Նշվում է, որ «փոփի թագուհին» ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել մրցույթին: Այժմ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները բանակցություններ են վարում երգչուհու հետ: Հայտնի է, որ կողմերը որոշակի անհամաձայնություններ ունեն Մադոննային տրվելիք վարձավճարի հետ կապված:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019»-ը Թել Ավիվում կանցկացվի մայիսի 14-19-ը: Իրենց մասնակցությունը մրցույթին արդեն հաստատել է 42 երկիր:
Անցյալ տարի «Եվրատեսիլ»-ի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նետտա Բարզիլայը, ինչից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել էր 2019-ին մրցույթն անցկացնել Երուսաղեմում։ Նման հայտարարությունը հակասական տրամադրություններ էր առաջացրել բազմաթիվ երկրներում, ինչից հետո որոշվել է մրցույթն այլ քաղաքում անցկացնել։










