ԱՄՆ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
ԱՄՆ Նյու Յորք նահանգից սենատոր, Դեմոկրատական կուսակցության անդամ Քիրստեն Ջիլիբրանդը հայտարարել է 2020թ.-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է BBC-ն:
Հիսուներկուամյա Ջիլիբրանդը հայտնի է գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության սուր քննադատությամբ: Այն հարցին, թե ինչու է ցանկանում մասնակցել ընտրություններին, նա պատասխանել է. «Լինելով մայր՝ ես ուժերիս ներածին չափով պայքարելու եմ մյուս բոլոր մարդկանց երեխաների համար, ինչպես իմ երեխաների համար եմ պայքարում: Ես կարծում եմ, որ առողջապահությունն իրավունք է և ո՛չ թե առավելություն»:
Ջիլիբրանդը սենատոր է դարձել 2009թ.-ին, երբ Հիլարի Քլինթոնը նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանության օրոք ստանձնեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, որից հետո վերընտրվել է որպես սենատոր և Նյու Յորքում մեծ ժողովրդականություն է վայելում:
Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ջիլիբրանդն իր մոտ էր եկել «նվիրատվություն աղերսելու» և որ նա փողի համար ամեն ինչի պատրաստ է:










