Անցյալն ամեն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման. Հրանտ Մարգարյան

11:57 • 16.01.19

Նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի ու կուսակցության համար: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, որ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, Սահմանադրության ընդունումը, հեղափոխությունը:

«Օդում կախված հարցերը չափազանց շատ են, րոպե առ րոպե աճում է լարվածությունն ու վտանգի զգացողությունը»,- նշեց Հ. Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց, որ տարածաշրջանը վերածվեց համաշխարհային մրցապայքարի մանրակերտի, ուստի Հայաստանի ներսում տեղի ունեցածը մեր շուրջը տեղի ունեցող գործընթացի հայելային արտացոլումն է:

«Եթե ժամանակին ամեն ինչ արվում էր ներհայաստանյան կյանքում դրական ոչինչ չտեսնելու համար, հիմա արվում է անցյալի մասով: Ամեն ինչ ներկայացվում է բացասական երանգի ներքո: Անցյալն ամեն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման: Արտաքին գործոնով հնարավոր չեղավ ապակայունացնել երկիրը, վրա հասավ ներքին գործոնը: Տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը: Կասկածելի ծագում ունեցող խմբակները, արևմտյան պատկանելություն ունեցող լրատվամիջոցները, ՀԿ-ները, որոնք միշտ հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարը համարում են տեռորիզմ, ձայն ձայնի տված պաշտպանեցին ակնհայտ տեռորիստական արարքը»,- մանրամասնեց Հ. Մարգարյանը:

Ըստ նրա՝ քառօրյա պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը, թվում էր, թե կարող են բավարար հիմք դառնալ երկրում առկա արդարացի դժգոհությունների լիցքաթափման համար: «Բայց բարեփոխումները կրեցին ձևական բնույթ: Սրան գումարվեց ՌԴ նկատմամբ որոշակի նեղվածության դրսևորումներով պայմանավորված ՀՀ քաղաքական վերնախավի զգալի մասի արևմտամետ դիրքորոշումը, ինչն էլ հիմք դարձավ թավշյա հեղափոխության խթանմանը»,- ասաց նա:

Հրանտ Մարգարյանը նկատեց, որ իշխանափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում առաջ եկած բարդությունները վկայում են, որ սկսել ենք կորցնել մշակված ռազմավարությունը, այնինչ ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանն ու Իրանը, ուստի այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումն այլընտրանք չունի:

Միաժամանակ, Հրանտ Մարգարյանն ասաց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ՀՅԴ-ն համարում է համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու անարդարությունները, «ոչ» ասելու խտրական քաղաքականությանը, կաշառակերությանը, սակայն «ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի դժգոհությունը»:

«Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, միևնույն ժամանակ անխուսափելի: Շարժման առաջնորդների հետապնդած նպատակները մեզ համար անորոշ էին, բայց մենք ուզեցինք հավատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքը ընդունակ է հզոր երկիր կերտելու գործում: Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերվում մեր կուսակցությանը, լավ գիտակցվում են՝ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել: Պայմանավորվեցինք 5 հիմնական հարցերի շուրջ, բայց կարճ ժամանակ հետո հասկացանք, որ ո´չ հարգանք կա, ո´չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո´չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն: Պարզ էր, որ եթե ընդհանուր ծրագիր կա՝ երկիրն իր ազգային ուղեծրից հանելու, այդտեղ ՀՅԴ-ն տեղ չունի»,- նշեց Հրանտ Մարգարյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն կա ու կմնա: