Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ դիմումը կներկայացնեն ՄԻԵԴ
Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը չի քննվել, քանի որ եթե բավարարվի ՀՔԾ-ի՝ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, այն առարկայազուրկ կդառնա, եթե ՀՔԾ-ի միջնորդությունը մերժվի, ապա գրավ կիրառելու միջնորդության քննարկումը կդառնա առարկայական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Նշենք, որ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու կամ գրավով ազատ արձակելու հարցը:
«Եվրոպական դատարան երրորդ դիմումը, որը մշակման փուլում է, չի բացառվում, որ ներառի քաղբանտարկյալի տարրը: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ Եվրոպայի խորհրդի որոշակի սահմանումներում, առկա են «քաղբանտարկյալի» սահմանումը, որի տակ ակնհայտորեն ընկնում է Ռոբերտ Քոչարյանը»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այս պահին դեռևս հայկական դատական գործընթացներում հարցն այս կոնտեքստում չի քննարկվում, բայց փորձում են, ցույց տալով խախտումները, այդ խախտումների դեմ պայքարել իրավական գործիքակազմով: Նա նաև կարևորեց, թե ինչպիսի հիմնավորումներ կտա դատարանը, բացի արդյունքից:
Պաշտպանը նշեց նաև, որ գործը դիտարկում, քննարկում են և´ Հայաստանում, և´ դրանից դուրս տարբեր իրավաբանների, իրավաբանական կառույցների հետ, այս պահին քննարկումների մեջ ենք ֆրանսիական, ռուսական մի շարք իրավունքի դոկտորների հետ, դիրքորոշումներ են պարզում:










